Սկիզբ

Երբեմն մտածում եմ՝ ինչու՞ եմ վերսկսել, բայց ի հեճուկն ուղեղիս՝ հավերժ երկմտող, էությունս հանգիստ տալիս է համարժեք պատասխանը, և ես, իմ մեջ լռելյայն ձևափոխելով հայտնի արտահայտությունը երգիչների մասին, ինքս ինձ պաատասխանում եմ՝ “քանզի նկարիչը նա չէ, ով կարող է նկարել, այլ նա, ով առանց նկարելու չի կարող”:

Հաճախ մտածում եմ՝ ինչու՞ ոճերով՝ իրար բացառող: Բայց մի՞թե իրար բացառող սուբստանցիաները չեն, որոնք սինթեզվելով առաջ են բերում նոր բան, մի բան, որը բացառել արդեն հաստատ չես կարող: Հենց դա էլ կոչվում է արարում, կյանք ոչնչից, որը որքան տարօրինակ, այնքան էլ… գրավիչ է…

Որքանով ինձ հիշում եմ՝ միշտ սովորություն եմ ունեցել ամեն տեղ, նույնիսկ ամենաառօրյա առարկաներում ծովի ալիքներ տեսնել, լինեն դրանք շենքերի պատեր, փողոցներ, թե այլ բան: Տեսնում էի ծով ամենուրեք:

Ժամանակի հետ այդ սովորությունը ոչ թե վերացավ, այլ հասունացման և հոգեբանական մեխանիզմների կայացման հետ մեկտեղ՝ ստացավ բովանդակություն, որն, ինքնաբավ լինելով, դեռ զուրկ չէ իր մանկական պարզությունից: Հենց դրա վրա հիմնվելով՝ ես նկարում եմ ոչ թե այն, ինչ մոդայիկ է կամ ինչ ուրիշներն են ուզում, այլ այն, ինչ սիրում եմ ես և ինչ հուշում է ինձ ենթագիտակցությունս:

Մարդիկ ասում են ծով եմ նկարում: Ես ծով չեմ նկարում. Ես նկարում եմ մարդկանց՝ ծովի միջոցով: Ժամանակակից մարդուն՝ իր դրական և բացաական կողմերով, իր լուսավոր և մութ երանգներով: Մարդուն իր ուժով, մարդուն իր խնդիրներով: Մարդուն իր երազներով:

Սիրում եմ իրար բացառող երևույթները, որոնք, չարաճճի սիրահար զույգի նման, վերջում դառնում են մեկ մարմին…

Միշտ սիրել եմ բացառությունները և խոստովանեմ՝ ուզում եմ գտնել մի ծածկագիր, ոսկե բանալի, որը թույլ կտար համադրել ռեալիզմն ու էքսպրեսսիոնիզմը՝ 2 անհամատեղելիություններ: Համադրել, ինչպես չարն ու բարին, երկինքն ու երկիրն են միահյուսվում՝ որպես երկրային ապացույց այն բանի, որ ցանկացած կարծրատիպ, որքան էլ ամուր լինի, դատապարտված է մի օր կոտրվելու…

Սիրում եմ, երբ կոտրում են պողպատյա կարծրատիպերը…
Գարրի Արզումանյան