Երիտասարդ տաղանդներ. Գարրի Վանյայի Արզումանյան

150748_690647751057764_4600005889198413588_nԳարրի Վանյայի Արզումանյան, ծնվել է 1986թ. մայիսի 2-ին, Կապան քաղաքում: 2003-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, որն ավարտել է 2008-ին և աշխատանքի է անցել իր մասնագիտությամբ: Սրանք թվեր ու գրանցված փաստեր են Գարրիի կենսագրությունից, իսկ մարդու կենսագրության խոսուն էջերը նրա ներաշխարհի գանձերն են, նրա հոգու հարստությունը, որը Գարրի Արզումանյանի դեպքում ավելի քան խոսուն է:

Փոքրիկ տղան երազում էր ունենալ Այվազովսկու ծովանկարների ալբոմը և չէր էլ պատկերացնում, որ մայրը մի օր տուն կմտնի՝ իր երազանքը ձեռքին. փոքրիկի մեծ երազանքն արդեն իրականություն էր:

…Այվազովսկու կտավներով, ծովանկարներով հիացած՝ Գարրին չէր էլ կարող պատկերացնել, որ նկարչությունը դառնալու է իր հետագա ամբողջ կյանքի անդավաճան ուղեկիցն ու ուղենիշը, իր զգայական աշխարհի բարձրակետը, իր աշխարհընկալման, աշխարհաճանաչության տիեզերքը ու տիեզերքից Անդինը…

Մանուկ Գարրին նկարում էր հայրենի լեռնաշխարհը, նկարում էր այն, ինչ թելադրում էր հոգին: 10 տարեկան էր, երբ դադարեց նկարել… Գուցե այդ դադարն էլ իր իմաստն ուներ, գուցե այդ ընթացքն ամբարելու, զգացածն ու տեսածը հասունացնելու ժամանակի խորհուրդն էր…

Եվ այդպես էր. 2014 թվականից նա կրկին սկսում է նկարել:  Իմպրեսիոնիզմի, ռեալիզմի ու մոդեռնիզմի ժանրերով ստեղծագորող նկարչի գործերում թագավորում է գույների գերիշխանությունը: Տպավորված լինելով Այվազովսկու նման մեծության գործերով՝ Գարրի Արզումանյանն ինքն իրեն խոստովանում է. «Ինձ համար մեծություն է Այվազովսկին, նրա տեխնիկան օգտագործելն անարգանք եմ համարում նրա մեծության հանդեպ: Միևնույն է, ոչ մեկը նրանից ավելի լավ բան չի կարող անել»:

Ահա նկարչի-մարդու ստեղծագործական կյանքի ազնիվ բանաձևը: Մեկ անհատական ցուցահանդես և մեկ մասնակցություն Սանկտ Պետերբուրգում անցկացված խմբային ցուցահանդեսում, իսկ այս տարվա օգոստոս ամսին մասնակցություն Պեկինում կայանալիք ցուևցահանդեսին. ահա Գարրիի նկարների անցած ճանապարհները: Նրա նկարների մասին դրական կարծիքներ են հայտնել ծովանկարիչներ Բայրոն Պիքերինգը, Կառլոս Կիրովսկին, Սերգեյ Օվչարովը: Նրա նկարները ցուցադրվել են Վերնիսաժում: Թվով 25 աշխատանքներ գտնվում են անհատական հավաքածուներում, արտերկրում՝ ԱՄՆ-ում (Նյու Յորք, Ատլանտա, Սան Ֆրանցիսկո), Իտալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Իսրայելում, ՌԴ-ում: Գարրի Արզումանյանի նկարների հիմնական թեման Հայկական լեռնաշխարհն է, հայոց լեռներն ու ժայռերը, առանձնապես՝ ժայռերը: Կարևոր տեղ է գրավում ճանապարհը, ճանապարհ գնացող միայնակ անցորդը… Կյանքի իմաստը, անցածն ու միայնության գաղափարը և, առհասարակ, Արարչաստեղծ Կյանք-երևույթը նկարչի կենսափիլիսոփայության խտացումներն են, որոնք նրա վրձնի տակ նոր գույն, նոր լուծում են ստանում և նոր մտորումների տեղիք են տալիս: Եթե մարդը, կյանքը, աշխարհը տեսանելի են նկարչին, նրա հետ են, նրա կողքին, ապա ծովին մոտ չմեծացած նկարիչը զարմանալիորեն նաև հրաշալի ծովանկարների հեղինակ է. գուցե ծով-երազը, ծով-հեքիաթն ավելին է, քան իրականությո՞ւնը…

Երիտասարդ նկարիչը հենց ինքն է իր նկարների այն միայնակ ճամփորդն, ով փորձում է գտնել երկրի ու երկնի առեղծվածը, գտնել աշխարհի բոլոր ճանապարհների հատման կետը, գտնել ու պահել, պահպանել իր երազների գույները՝ դրանք հանձնելով ժամանակի դատին:

Կարինե  Ավագյան

Նյութը՝ hayernaysor.am-ի։