Նկարչի մասին

Գարրի Վանյայի Արզումանյանը ծնվել է 1986թ. մայիսի 2-ին, Կապան քաղաքում: Այվազովսկու կտավներով, ծովանկարներով հիացած՝ Գարրին չէր կարող պատկերացնել, որ նկարչությունը դառնալու է իր հետագա ամբողջ կյանքի անդավաճան ուղեկիցն ու ուղենիշը, իր զգայական աշխարհի բարձրակետը, իր աշխարհընկալման, աշխարհաճանաչության տիեզերքը ու տիեզերքից Անդինը…

Միքս ժանրով ստեղծագործող նկարչի գործերում թագավորում է սիմվոլիզմն ու գույների գերիշխանությունը: Տպավորված լինելով Այվազովսկու նման մեծության գործերով՝ Գարրի Արզումանյանն ինքն իրեն խոստովանում է. «Ինձ համար մեծություն է Այվազովսկին, նրա տեխնիկան օգտագործելն անարգանք եմ համարում նրա մեծության հանդեպ: Միևնույն է, ոչ մեկը նրանից ավելի լավ ծովը չի պատկերի»:

Ահա նկարչի-մարդու ստեղծագործական կյանքի ազնիվ բանաձևը: Ցուցահանդեսներ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Լյուբլյանայում, Մինսկում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում և իհարկե, իր հայրենիքում՝ Հայաստանում: Ահա Գարրիի նկարների անցած ճանապարհները՝ սկսած 2014-ից: Նրա աշխատանքները գտնվում են անհատական հավաքածուներում, արտերկրում՝ ԱՄՆ-ում (ՆյուՅորք, Ատլանտա, Սան Ֆրանցիսկո), Իտալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Իսրայելում, ՌԴ-ում: Գարրի Արզումանյանի նկարների հիմնական թեման բնության տարերքներն են՝ օդն ու ջուրը: Կարևոր տեղ է գրավում ճանապարհը, ճանապարհ գնացող միայնակ անցորդը, կամ նավը ծովում… Կյանքի իմաստը, անցածն ու միայնության գաղափարը և, առհասարակ, Արարչաստեղծ Կյանք-երևույթը նկարչի կենսափիլիսոփայության խտացումներն են, որոնք նրա վրձնի տակ նոր գույն, նոր լուծում են ստանում և նոր մտորումների տեղիք են տալիս: Եթե մարդը, կյանքը, աշխարհը տեսանելի են նկարչին, նրա հետ են, նրա կողքին, ապա ծովին մոտ չմեծացած նկարիչը զարմանալիորեն նաև հրաշալի ծովանկարների հեղինակ է. Գուցե ծով-երազը, ծով-հեքիաթն ավելին է, քան իրականությո՞ւնը…

Երիտասարդ նկարիչը հենց ինքն է իր նկարների այն միայնակ ճամփորդն, ով փորձում է գտնել երկրի ու երկնի առեղծվածը, գտնել աշխարհի բոլոր ճանապարհների հատման կետը, գտնել ու պահել, պահպանել իր երազների գույները՝ դրանք հանձնելով ժամանակի դատին:

Կարինե Ավագյան