Սկիզբ

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանիորոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։ Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա,Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք,Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանի Դաշնությունում(Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա,Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։